Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից. Կարեն Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին։
«Ադրբեջանցի մարզիկներն արդեն հատել են ՀՀ սահմանը»,–ասել է Գիլոյանը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն, վառել և դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։
Լուսանկարներից և տեսանյութից պարզ է դարձել, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նա բերման է ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։
Միջադեպից հետո Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան հայրենիք։










