Պատերազմում մեր երկրի կորուստների թիվը Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվից պակաս է. Ուկրաինայի պաշտպանության նախարար

20:30 • 16.04.23

Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը իսպանական La Razon թերթին տված հարցազրույցում:

«Իհարկե, մենք ունենք զոհեր, քանի որ պատերազմի մեջ ենք, բայց դրանք շատ ավելի քիչ են, քան ռուսական կողմինը: Չեմ կարող թվեր ներկայացնել, բայց կարող եմ վստահեցնել, որ ընդհանուր թիվը Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվից պակաս է»,- ասել է պաշտպանության նախարարը։

Ռեզնիկովը վստահեցրել է, որ Ուկրաինայի համար գլխավոր խնդիրը զինվորների կյանքը փրկելն է, իսկ Ռուսաստանն իր զինվորականներին օգտագործում է որպես «թնդանոթի միս»։

«Սա մսաղացի մարտավարություն է, նրանց (ռուսներին - խմբ.) դա չի հետաքրքրում: Միայն Բախմուտում ամեն օր Ռուսաստանը կորցնում է 500 սպանված և վիրավոր: Սա «Վագներ» խմբի անդամների, վարձկանների և նախկին հանցագործների օրական մեկ գումարտակ է: Սա բարբարոսություն է»,- ասել է ուկրաինացի նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարին տեղի ունեցած ավերիչ  երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 50 000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 107 000-ը։ Հարևան Սիրիայում զոհվել է ավելի քան 6500-ը:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի կորուստները 10 անգամ ավելի մեծ են, քան Ուկրաինայինը։