Ռուս ընդդիմադիր գործիչ Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

13:26 • 17.04.23

Ռուսաստանում ընդդիմության ակտիվիստ, նախկին լրագրող և քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման պետական դավաճանության և այլ մեղադրանքների համար, որոնք կապված են Ուկրաինայում պատերազմը քննադատելու հետ։ Այս մասին գրել է BBC-ն։

Նա հերքել է մեղադրանքները։

Անցյալ շաբաթ Մոսկվայի դատարանում նա հայտարարել էր. «Ես ստորագրում եմ իմ ասած յուրաքանչյուր բառի տակ... Ես ոչ միայն չեմ զղջում այս ամենի համար, այլև հպարտանում եմ դրանով»,- հավելել էր նա։

Մինչդեռ lenta.ru-ն մանրամասնում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը Կարա Մուրզային (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված որպես օտարերկրյա գործակալ) պետական դավաճանությունից բացի ազատազրկման է դատապարտել նաև անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու և Ռուսաստանի Զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու համար։

Կարա Մուրզայի դատավարությունը սկսվել է մարտին և անցկացվել դռնփակ՝ քրեական գործի գաղտնի նյութերի պատճառով։

Հետաքննությունը կարծում է, որ ընդդիմադիրը, «քաղաքական ատելությունից դրդված», Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում հայտարարել է «կանխամտածված կեղծ տեղեկություններ Ռուսաստանի Զինված ուժերի կողմից Ուկրաինայում բնակելի թաղամասերը, ծննդատները, հիվանդանոցները և դպրոցները ռմբակոծելու մասին»։ Բացի այդ, «Բաց Ռուսաստան»-ի  (կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի է ճանաչվում) փոխնախագահի պաշտոնում Կարա Մուրզան օգնություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կազմակերպություններին, ինչը հետաքննության կողմից դիտվում է որպես Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված։ Նշվել է, որ ծառայությունների դիմաց մեղադրյալը ստացել է ամսական 30 հազար դոլար։

BBC-ն հավելում է, որ քննադատելով այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությունը» Ուկրաինայում, Կարա Մուրզան նաև բացահայտորեն արտահայտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա կառավարության՝ ընդդեմ այլախոհության ճնշումների դեմ:

BBC-ն նաև գրել է, որ 41-ամյա գործիչն առանցքային դեր է խաղացել արևմտյան կառավարություններին՝ ռուս պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի համար պատժամիջոցներ սահմանելու համար համոզելու հարցում: