Նորվեգիայում տասնյակ հազարավոր աշխատողներ գործադուլ են սկսել
Նորվեգիայում տասնյակ հազարավոր աշխատողներ երկուշաբթի գործադուլ են սկսել այն բանից հետո, երբ բանակցությունները երկրի երկու հիմնական արհմիությունների և գործատուների ներկայացուցիչների միջև տապալվել են երեկ ուշ երեկոյան: Այս մասին գրել է Euronews-ը։
Գործադուլներից, որոնց մասնակցում է ավելի քան 22 000 աշխատող երկրի ամենախոշոր Նորվեգիայի արհմիությունների կոնֆեդերացիայից (Landsorganisasjonen i Norge / LO), և մոտ 1500-ը՝ ավելի փոքր արհմիությունից, տուժել են տրանսպորտի, հյուրանոցների և շինարարության ոլորտները:
«Ցավալի է, որ մենք ստիպված ենք գործադուլի դիմել: Մենք դա հենց այնպես չենք անում»,- ասել է ԼՕ-ի ղեկավար Պեգի Հեսենը:
Արհմիություններն իրենց հայտարարություններում նշում են, որ վերջին երկու տարիների ընթացքում կենցաղային ծախսերի աճը գերազանցել է աշխատավարձերի բարձրացումը:
Եթե այս շաբաթվա ընթացքում լուծում չգտնվի, ապա հաջորդ ուրբաթ գործադուլին կմիանան ԼՕ-ի ևս 16 000 անդամներ։ Արհմիությունները պահանջում են 5%-ով բարձրացնել գնողունակությունը։










