Իրանը բանակի օրվա առթիվ զորահանդեսին ներկայացրել է նոր ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր

17:23 • 18.04.23

Իրանի բանակի ստորաբաժանումները ներկայացրել են առաջադեմ սպառազինության լայն տեսականի` սեփական արտադրության հրթիռներ, տանկեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին գրել է իրանական Mehr գործակալությունը:

Իրանի բանակի ցամաքային, ռազմածովային, օդային և հակաօդային պաշտպանության ուժերն այսօր Թեհրանում նախագահ Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ զորահանդես են անցկացրել՝ նվիրված Ազգային բանակի օրվան:

Շքերթի ընթացքում ցուցադրվել է «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարքը, որը կարող է կրել կառավարվող ռումբեր և հսկողության բարդ սարքավորումներ: Ներկայացվել է նաև Իրանի առաջին լայնածավալ անօդաչու թռչող սարքը՝ «Քաման 22»-ը, իրանական մահապարտ անօդաչու թռչող սարքերից՝ «Արաշը», «Կիանը» և «Կարրարը», որոնք կարող են թռչել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային կայաններից: «Քաման 22»-ն ունի մոտավորապես 3000 կմ հեռահարություն և կարող է տեղափոխել 300 կիլոգրամ պայթուցիկ:

Բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը ներկայացրել է երկրում մշակված մի քանի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ «Դամավանդ» ռազմավարական և հեռահար համակարգ, որոնք օգտագործվում են տարբեր ինքնաթիռներ, թևավոր և բալիստիկ հրթիռներ խոցելու համար, «Նասսեր 40» նավիգացիոն ռադիոտեղորոշիչ համակարգը, «Մաջիդ» փոքր հեռահարության և ցածր բարձրության հակաօդային պաշտպանության համակարգը, «Նավաբ» միջին հեռահարության զենիթային հրթիռային համակարգը, «Մերսադ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը, «Խորդադ 15» զենիթային հրթիռային համակարգը, և «Թալաաշ» հեռահար շարժական զենիթային հրթիռային համակարգը:

Բանակը ցուցադրել է նաև «Քիան 600», «Քիան 700» և «Քիան 800» գերծանր տանկերը, «Զուլֆիքար» և «Թիամ» հիմնական մարտական տանկերը, «Սերաջ» հրետանային համակարգը, որն ունի 35 միլիմետրանոց թնդանոթ և օգտագործում է ռադար և նոր օպտիկական համակարգ՝ հայտնաբերելու և ոչնչացնելու փոքր թռչող օբյեկտները, «Մաթլա ալ-Ֆաջր» VHF 3D ռադարը, «Քավոշ» ճշգրիտ մոտեցման ռադարը և 900 կիլոգրամանոց «Քասեդ» խելացի ռումբը: