Մետրոյի հետագա հնարավոր զարգացումը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս, մետրոյի ցանցը տարեցտարի ընդլայնվելու է․ Տիգրան Ավինյան
Աջափնյակի կայարանը նախագծվում է «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել խորհրդային ժամանակաշրջանում։ Փաստացի նախագծման աշխատանքն իրականացնում է այն ընկերությունը, որը խորհրդային տարիներին պատրաստել է մետրոյի ամբողջական նախագիծը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ժամկետների մասով ասեմ, որ արդեն իսկ նախագծային աշխատանքների առաջին փուլն ընկերության կողմից հանձնված է, և մենք այս պահի դրությամբ զուգահեռ երկրորդ և երրորդ փուլերը միասին իրականացնում ենք և տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ զուգահեռ լինելու են նաև նախագծման մրցույթի դրված Սուրմալուի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման աշխատանքները։
Անդրադառնալով հնարավոր մյուս կայարաններին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ մետրոյի հետագա հնարավոր զարգացումը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս։
«Հաջորդ հնարավոր կայարանը լինելու է Նազարբեկյան թաղամասում։ Մետրոպոլիտենի զարգացման այս ծրագիրը մենք կառավարության հետ համատեղ դարձնելու ենք շարունակական։ Ամեն տարի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ իրականացվելու են աշխատանքներ, և մեր մետրոյի ցանցը տարեցտարի ընդլայնվելու է»,- նշեց նա։










