Թուրքիան հավատաց մեր անկեղծությանն ու բացեց Մարգարայի կամուրջը, մեր դրոշները վեր խոյացան աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

12:45 • 18.04.23

Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է խոստովանեմ, որ այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց այդպես էլ ընկալեցին։ Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ։ Թուրքիան էլ չէր բացի Մարգարայի կամուրջը, եթե չհավատար մեր անկեղծությանը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ի դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին։

«Դա մի զարմանալի արձանագրում էր, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ ՀՀ և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների ու աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում ՀՀ- Թուրքիա սահմանն իրոք կբացվի ու հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։