Մարդիկ բնակարաններ են ձեռք բերում ՀՀ-ում, որովհետև հավատում են իշխանության խաղաղության օրակարգին․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է ներկայացնելու կառավարության 2021-2026 ծրագրի բյուջեի կատարողականը։
«Ապագայի որևէ ծրագիր հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի և ուրեմն առանցքային հարցը հետևյալն է․ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար։ Իմ պատասխանը միանշանակ է և աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո, կա և ես վստահ եմ դրանում։ Լրահոսը, իհարկե չի տալիս նման վստահություն, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգայի իրադրությունն առավել ևս նման վստահություն չի հաղորդում։ Բայց հենց այսօր, հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55․000 բնակարանի կառուցման գործընթաց։ Սա ՀՀ բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք նման ծավալներ չի ունեցել։
«Այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու ու իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել։ Սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդնողներ բնակարան են կառուցում։ Ինչու են նրանք այդպես վարվում, ինչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը։ Իմ գնահատմամբ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան․ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է ու իրենք իրենց հարենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունեն բնակարան ձեռք բերել, կառուցել։ Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «Ապագա կա՛» կարգախոսին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։










