Պետդուման փոփոխություններ է ընդունել պետական ​​դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին

16:25 • 18.04.23

ՌԴ պետդուման փոփոխություններ է ընդունել պետական դավաճանության համար մինչև ցմահ ազատազրկում սահմանելու վերաբերյալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Փոփոխությունները մտցվում են քրեական օրենսգրքի «Պետական դավաճանության» 275-րդ հոդվածում:

Օրենքի ընդունումից հետո լրտեսությունը, օտարերկրացիներին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը, հակառակորդի կողմն անցնելը կամ Ռուսաստանի դեմ ուղղված գործողություններում այլ պետությանը ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պատժելի է  ցմահ ազատազրկմամբ։

Այժմ այս հանցագործությունների համար սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում՝ մինչև 500 հազար ռուբլի տուգանքով։

Բացի այդ, պատգամավորները կողմ են արտահայտվել դիվերսիայի և ահաբեկչության համար քրեական պատասխանատվության խստացմանը։