Թուրքիան կարող է զրկվել ՉԼ եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից. Independent
ՈւԵՖԱ-ն հնարավոր արտակարգ վիճակի հետ կապված ծրագրեր ունի այն պարագայում, եթե Թուրքիայում, համապետական ընտրություններով պայմանավորված, որևէ անհանգստություն առաջանա և ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կրկին Ստամբուլից տեղափոխելու անհրաժեշտություն առաջ գա: Այս մասին գրել է Independent-ը:
Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ ու դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, որն էլ կարող է վտանգի տակ դնել եզրափակիչ մրցապայքարի անցկացումը:
ՈւԵՖԱ-ն դեռևս չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: ՉԼ նախորդ եզրափակիչների անցկացման վայրերն արդեն երկու անգամ տեղափոխվել են Ստամբուլից. Covid-ի պատճառով 2020-ին՝ Լիսաբոն, իսկ 2021-ին՝ Պորտու:
«Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին՝ հունիսի 10-ին կայանալիք խաղից մեկ ամիս առաջ, նրա ֆոնին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոկրատ նախագահական իշխանությունը կարծես թե տապալվում է։ Դա կարող է հանգեցնել երկու հիմնական թեկնածուների հավաքած ձայների չնչին տարբերությանը, որը, ինչպես քաղաքագետները զգուշացրել են, կարող է անկարգություններ առաջացնել կողմերից յուրաքանչյուրում»,- գրել է բրիտանական պարբերականը:










