Բայդենը 1 տարով երկարացրել է ՌԴ-ի հետ կապված նավերի՝ ԱՄՆ-ի նավահանգիստներ մուտքի արգելքը

12:49 • 19.04.23

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ծանուցել է, որ մեկ տարով երկարաձգում է 2022 թ. ապրիլի 21-ի դրույթի գործողությունը, որն արգելում է Ռուսաստանի հետ կապված նավերի մուտքն ԱՄՆ-ի նավահանգիստներ: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Ես հրապարակման համար Դաշնային ռեգիստր եմ ներկայացրել կից ծանուցումն այն մասին, որ արտակարգ դրությունը, որը 2022 թ. ապրիլի 21-ի 10371 հրամանագրով հայտարարվել է Ռուսաստանի նկատմամբ, և արտակարգ լիազորությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանի հետ կապված նավերի կայանման ու տեղաշարժի կարգավորմանը, ուժի մեջ կլինեն նաև 2023 թ. ապրիլի 21-ից հետո», - ասված է Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված նամակում։

2022 թվականի ապրիլի 21-ին Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանին առնչվող նավերին արգելվելու է մուտք գործել ամերիկյան նավահանգիստներ։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանի դրոշի ներքո ոչ մի նավ կամ նավ, որը պատկանում է Ռուսաստանին կամ շահագործվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող որևէ մեկի կողմից, չի կարողանա մուտք գործել ԱՄՆ նավահանգիստ, մոտենալ մեր ափերին», - այն ժամանակ ասել էր Միացյալ Նահանգների նախագահը։