Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի շուրջ հարցեր

11:20 • 19.04.23

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ: