Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է, որ Ռուսաստանի հետ կապված կիբերխմբավորումները թիրախավորում են Արևմուտքի ենթակառուցվածքները
Ռուսաստանի հետ կապված կիբերխմբավորումները թիրախավորում են կարևոր ենթակառուցվածքները երկրի ներսում և ամբողջ Արևմուտքում: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության Կիբերանվտանգության ազգային կենտրոնը (National Cyber Security Centre):
ՄԹ-ի կառավարական կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ վերջին 18 ամիսների ընթացքում «ռուսական կիբերհակառակորդի նոր դաս է ի հայտ եկել», և որ «պետության հետ միավորված այս խմբավորումները հաճախ համակրում են Ռուսաստանի ներխուժմանն [Ուկրաինա] ու մոտիվացված են գաղափարապես, այլ ոչ թե ֆինանսապես»:
Ըստ կենտրոնի՝ թեև այս խմբավորումների գործողությունները կարող են համապատասխանել Ռուսաստանի շահերին, «նրանք հաճախ չեն ենթարկվում պետական պաշտոնական վերահսկողությանը, ուստի նրանց գործողություններն ավելի քիչ կաշկանդված են և ունեն ավելի լայն թիրախավորում, քան ավանդական կիբերհանցագործությունների դերակատարները: Սա նրանց ավելի քիչ կանխատեսելի է դարձնում»:
Politico-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի պետքարտուղար Օլիվեր Դաուդենն ասել է, որ քաղաքականապես մոտիվացված այս խմբավորումներն ընդլայնում են իրենց գործունեությունը, որպեսզի թիրախավորեն էներգետիկ և հեռահաղորդակցության ենթակառուցվածքները: Նա հավելել է, որ Լոնդոնը դեռևս ապացույցներ չի հայտնաբերել, որ նման հարձակումներ են տեղի ունեցել։
«Մենք թույլ չենք տա, որ այս խմբավորումները մնան ստվերում», - ասել է Դաուդենը Բելֆաստում: «Մենք ցանկանում ենք, որ ընկերությունները հասկանան իրենց սպառնացող վտանգները ու քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու իրենց և երկիրը նման հարձակումներից»:










