Ֆրանսիայի ոստիկանությունը Մակրոնի ժամանումից առաջ ցուցարարներից կաթսաներ է առգրավել

18:01 • 20.04.23

Ֆրանսիայի ոստիկանությունը կաթսաներ է վերցրել նրանցից, ովքեր փորձել են դրանք տեղափոխել Գանժ կոմունայի կենտրոնում ցույցի համար. կոմունայում տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական LCI հեռուստաալիքին:

Ֆրանսիացիները բազմիցս իրականացրել են «դատարկ կաթսաների երթ»՝ գդալներ խփելով կաթսաների ու թավաների վրա, որոնք իրենց հետ բերել են Մակրոնի քաղաքականության դեմ բողոքի ցույցերին։

Հեռուստաալիքի կայքում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ժանդարմը զննում ֆրանսուհու ուսապարկը և մետաղյա տարա տեսնելով՝ խնդրում հանձնել այն: «Մենք պրեֆեկտի հրամանագիր ունենք»,- պատասխանում է իրավապահը հարցին, թե ինչ հիմքով են արգելում կաթսաներ բերել իրենց հետ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրամանագրով արգելվում է «դյուրակիր ձայնային սարքեր» բերել ցույցին, սակայն կաթսաների մասին խոսք չի եղել, հաղորդել է հեռուստաալիքը։ «Ժանդարմները սխալ են հասկացել վերահսկողության կետերը... Հրահանգներ են տրվել այլևս չբռնագրավել կաթսաները»,- իրազեկ աղբյուրի խոսքերն է մեջբերել LCI հեռուստաալիքը։