Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան միջուկային սուզանավին ստիպել է ջրի երես դուրս գալ և փոխել ուղղությունը
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին ասել է, որ իրանական «Ֆաթեհ» սուզանավը Հորմուզի նեղուցում նկատել է ամերիկյան USS Florida միջուկային սուզանավը։ Իրանի ռազմածովային ուժերը ստիպել են ամերիկյան սուզանավին ջրի երես դուրս գալ և փոխել ուղղությունը, փոխանցում է Tasnim-ը Իրանիի խոսքերը։
Հրամանատարի խոսքով՝ USS Florida-ն ամեն ջանք գործադրել է Հորմուզի նեղուցն աննկատ անցնելու համար։ Նա ասել է, որ ամերիկյան սուզանավը նախազգուշացում է ստացել Իրանի ռազմածովային ուժերից, քանի որ այն «որոշ չափով» մոտեցել է Իրանի տարածքային ջրերին։
Իրանին ԱՄՆ-ին հորդորել է բացատրել, թե ինչու են իրենց սուզանավերը ծովային երթուղու ամենակարևոր հատվածում խախտում նավարկության կանոնները։ Միացյալ Նահանգները պետք է պահպանի բոլոր միջազգային կանոնները, ընդգծել է հրամանատարը։
Միաժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը պնդում են, որ իրանցի հրամանատարի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և նշված տարածքում ամերիկյան սուզանավ ընդհանրապես չկա։
«Իրանի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Վերջերս ոչ մի ամերիկյան սուզանավ չի անցել Հորմուզի նեղուցով։ Այս հայտարարությունը հերթական իրանական ապատեղեկատվությունն է, որն ապակայունացնելու է տարածաշրջանը։ ԱՄՆ հինգերորդ նավատորմը շարունակում է գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը», - ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության Twitter-ի հայտարարության մեջ:










