2022-ին Իրանում գրանցվել է մահապատիժների՝ 2015-ից ի վեր ամենաբարձր թիվը

10:12 • 20.04.23

Իրանում 2022 թվականին մահապատժի է ենթարկվել 582 մարդ՝ 333-ով ավելի, քան 2021 թվականին։ Այս մասին ասվում է Iran Human Rights and Together Against the Meath Penalty կազմակերպությունների համատեղ զեկույցում։

Նշվում է, որ սա 2015-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Միաժամանակ, ինչպես ընդգծել են փաստաթղթի հեղինակները, 511 մարդ մահապատժի է ենթարկվել առանց դատավճիռների հրապարակային հայտարարման, և միայն 71 մահապատժի մասին է պաշտոնապես հաղորդվել Իրանի իշխանությունների կողմից։

Իրավապաշտպանները նաև հայտնել են առնվազն 16 կնոջ և երեք անչափահասի մահապատժի մասին։ Առնվազն 288 մահապատիժ (ընդհանուրի 49%-ը) կապված է եղել սպանության մեղադրանքների հետ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 15 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, թմրամիջոցների գործերով իրականացվել է առնվազն 256 մահապատիժ (ընդհանուր մահապատիժների 44%-ը)՝ 2021 թվականին նմանատիպ դեպքերով 126 մահապատիժների համեմատ։ 

Իրավապաշտպանները նշել են, որ Իրանում մահապատիժների թվի ավելացումը վկայում է այն մասին, որ պատժի այս տեսակը կրկին օգտագործվում է իրանական ռեժիմի կողմից որպես ահաբեկման և ռեպրեսիայի միջոց՝ իշխանության կայունությունը պահպանելու համար։