Կիևի երկնքում ուժեղ փայլատակում է տեղի ունեցել. ՆԱՍԱ-ն հերքել է արբանյակի անկման ենթադրությունները
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հերքել է այն ենթադրությունները, որ Կիևի երկնքում ապրիլի 19-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ուժեղ փայլատակումը կապված է ՆԱՍԱ-ի արբանյակի անկման հետ: ՆԱՍԱ-ի խոսնակ Ռոբ Մարգետտան ասել է, որ արբանյակը դեռ ուղեծրում է եղել, երբ Կիևի վրայով լույսի բռնկում է նկատվել: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
Նա հավելել է, որ ՆԱՍԱ-ի որևէ այլ արբանյակ նույնպես չի մտել Երկրի մթնոլորտ վերջին օրվա ընթացքում:
Չորեքշաբթի Կիևի բնակիչները սոցցանցերում հրապարակել են տեսագրություն, որտեղ երկնքում լույսի ուժեղ փայլատակում է հայտնվում։ Դրանից անմիջապես հետո միացել են օդային տագնապի ահազանգերը։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն փայլատակումը բացատրել է որպես «ՆԱՍԱ-ի տիեզերական արբանյակի՝ Երկրի վրա ընկնելու հետևանք»։










