Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից․ Թագուհի Թովմասյանի ակցիայից հետո քաշքշուկ սկսվեց պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև (տեսանյութ)

15:30 • 20.04.23

Ազգային ժողովում  անկախ պատգամավոր Թահուգի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ 

«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա: Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է, սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- հայտարարեց Թովմասյանը։ 

Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։ 

Քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքեք, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որ պետք լինի՝ կթքեմ»։