ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են ռուս հաքերների մասին, որոնք Cisco երթուղիչի թերություններն օգտագործում են լրտեսության համար

12:14 • 20.04.23

Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կիբերանվտանգության և հետախուզության գործակալությունները նախազգուշացրել են ռուսաստանյան հաքերների մասին, որոնք օգտագործում են Cisco թվային հաղորդակցության տեխնոլոգիաների կորպորացիայի ցանցային սարքավորումների թերությունները՝ հետախուզություն իրականացնելու և ընտրված թիրախների դեմ վնասաբեր ծրագրեր (malware) տեղադրելու համար: Այս մասին գրել է thehackernews.com կայքը:

Հաքերային հարձակումները, ըստ իշխանությունների, տեղի են ունեցել 2021 թվականին և ուղղված են եղել Եվրոպայի փոքրաթիվ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարական հաստատությունների և մոտ 250 ուկրաինացու դեմ:

Ըստ կայքի՝ ԱՄՆ-ի և ՄԹ-ի հետախուզական գործակալությունների նկատած հարձակումների ժամանակ Cisco-ի երթուղղիչների վրա տեղադրվել է Jaguar Tooth (բառացի՝ Յագուարի ատամ - Tert.am) անվանումով ոչ կայուն վնասաբեր ծրագիր, որն ի վիճակի է հավաքել սարքի մասին տեղեկատվություն ու հնարավորություն ընձեռել չթույլատրված հետնամուտքային հասանելիություն (backdoor access):

Հաքերային այս հարձակումը ներառում է ենթակառուցվածքային սարքի մեջ վնասակար ծրագրաշարի տեղադրում, ցանցային երթևեկությունը վերահսկելու փորձեր ու հարձակումներ, որոնք կազմակերպվում են «ներքին միջավայրեր նախապես հասենելիություն ունեցող հակառակորդների կողմից, որոնք ուղղված են TACACS+/RADIUS սերվերներին՝ հավատարմագրեր ստանալու համար»: