ԱԺ նախագահի հրամանն ապօրինի էր․ դիմելու եմ ուժային կառույցներին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություն թույլ տվածներին. Թագուհի Թովմասյան

11:22 • 21.04.23

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածը խայտառակություն էր, մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

«Թեպետ կարող են ասել, որ շատ խորհրդարաններում այդպիսի միջադեպեր հաճախ են տեղի ունենում, բայց որևէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորն այդպիսի ագրեսիվությամբ քաշքշի պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամին: Ես ուզում եմ հայտարարել, որ ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, և երկրորդը՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողները իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք կարող են և պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում։ Ստացվում է, որ մենք բախվել ենք շատ կոշտ ապօրինության, և այդ ապօրինությունը պետք է ունենա հետևանքներ»,- ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ այժմ աշխատում է դիմումի տեքստի վրա, որն ուղարկվելու է բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվություն կրեն ապօրինություններ թույլ տված բոլոր մարդիկ։

«Մենք չենք կարող ուղղակի հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որն ԱԺ-ն փորձում է դարձնել իր սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է։ Չի լինելու»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանությունն արդեն սպառել է ստելու լիմիտը։

Պատգամավորի խոսքով՝ ինքը չի պատրաստվում անդրադառնալ որևէ մեկի ելույթին, սակայն եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ դա ստանալու է համարժեք պատասխան․

«Մենք այլևս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից։ Եթե իրենք չեն հարգում ԱԺ ամբիոնը, մենք այդ ամբիոնի գինը լավ ենք հասկանում, մենք այդ ամբիոնի արժեքը գիտենք և նաև հասկանում ենք խոսքի արժեքը ու թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ գա և սկսի ստել»:

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին՝ Թագուհի Թավմասյանը նշեց․

«Նա ակնհայտորեն դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց առանձնացնելու Արցախի մասին որևէ ձեւակերպում։ Սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը մենք չենք կարող թույլ տալ։ Այդ հայտարարությունն այն կարմիր գիծն էր, որից հետո ալևս չպետք է Նիկոլ Փաշինյանն իրեն կոմֆորտ զգա ԱԺ ամբիոնում ու անընդհատ փորձի ստել»։