Սպասվող գործադուլի ֆոնին Բեռլինի օդանավակայանը հայտարարել է երկուշաբթի օրվա բոլոր չվերթները չեղարկելու մասին

17:58 • 22.04.23

Բեռլինի օդանավակայանը հայտարարել է երկուշաբթի օրվա բոլոր չվերթները չեղարկելու մասին: Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի տարածած հաղորդագրությանը:

Ապրիլի 24-ին Բեռլինի օդանավակայանից ուղևորային թռիչքներ չեն իրականացվի: «Ավիացիոն անվտանգության հսկողության կետերի աշխատակիցների հայտարարված նախազգուշական գործադուլի հետ կապված՝ երկուշաբթի հնարավոր չեն ուղեւորափոխադրումներ իրականացնել», - ասված է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շաբաթ օրը օդանավակայանն արդեն պաշտոնապես տեղեկացրել է այս մասին իր գործընկերներին, այդ թվում՝ ավիաընկերություններին, ցամաքային ծառայություններ մատուցող ընկերություններին, անվտանգության ընկերություններին և այլ ընկերությունների։

Օդանավակայանի պաշտոնյաները նշել են, որ սա կարող է ազդել նաև ժամանման թռիչքների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վերդի» արհմիությունը երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, կոչ է արել նախազգուշական գործադուլ իրականացնել ավիացիոն անվտանգության անցակետերում ողջ օրվա ընթացքում։

Գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ Գերմանիայի ազդեցիկ «Վերդի» արհմիությունը Բեռլինի միջազգային օդանավակայանի աշխատողներին կոչ է արել երկուշաբթի օրը չաշխատել՝ փորձելով գործատուների վրա ճնշում գործադրել՝ բարձրացնելու աշխատավարձերը:

Գերմանական DPA լրատվական գործակալությունը, վկայակոչելով օդանավակայանը, նշել է, որ ոչ մի մարդատար ինքնաթիռ չի կարողանա օդ բարձրանալ օդանավակայանից ամբողջ օրը, գրել է Deutsche Welle-ն:

Ժամանումները հնարավոր կլինեն, սակայն ավիաընկերությունները կորոշեն վայրէջք կատարելու հարցը: