«Ֆեյսբուք»-ն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը

13:13 • 22.04.23

«Ֆեյսբուք»-ն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը, այդ թվում՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների փոխարինման համար: Սակայն Ֆեյսբուքն ընդհանրապես սահմանափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը և դա բացատրում է հետևյալ պարզաբանմամբ.
«ՊՐՈՖԻԼԻ ՆՈՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է:
Այժմ մենք սահմանափակում ենք պրոֆիլների շրջանակներ ստեղծելու հնարավորությունը միայն այն կազմակերպությունների համար, որոնք ընդգրկված են մեր տեղեկատվական կենտրոններից մեկում: Նախ և առաջ դրանք ներառում են COVID-ի տեղեկատվական կենտրոնը և Ընտրողների տեղեկատվական կենտրոնը։ Շուտով մենք կավելացնենք նաև Կլիմայի գիտության կենտրոնը, որտեղ մենք զգալի ներդրում ունենք՝ մարդկանց հասու դարձնելու օգտակար և հուսալի տեղեկատվությունն ու ռեսուրսները: Մենք հավատում ենք, որ այս մոտեցումը կօգնի մարդկանց շարունակել իրենց աջակցությունն արտահայտել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են առողջապահական հուսալի տեղեկատվությունը, քվեարկությունը և կլիմայի փոփոխությունը»:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: »,-ասված է հայտարարության մեջ: