Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ կապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը. Գարեգին Բ-ն՝ արցախցիներին
Ադրբեջանի նպատակը շատ որոշ է և հստակ՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջի փակմանը, ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է մեր ժողովրդի՝ Արցախում ապրող զավակների նկատմամբ: Այս նվիրական սրբավայրից խոսքս ուղղում եմ Արցախի մեր հավատավոր զավակներին. Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կկարողանանք դիմագրավել և այս փորձությունը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ կապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և ապավեն ձեզ, մնացե՛ք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»:
Գարեգին Բ-ն չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու և Աստծո հարաբերությունների մասին հայտարարությունը:










