Հնդկաստանը և Իրանն աշխատում են նոր ոլորտներում «ռազմական համագործակցության» ընդլայնման ուղղությամբ
Հնդկաստանի պաշտպանական հետախուզության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դինեշ Սինգհ Ռանան հայտարարել է, որ Հնդկաստանը և Իրանը աշխատում են ապագայում երկկողմ «ռազմական համագործակցության» ընդլայնման ուղղությամբ ավելի նոր ոլորտներում: Այս մասին գրել է Tasnim գործակալությունը։
Ելույթ ունենալով Նյու Դելիում Իրանի բանակի օրվա տոնակատարության առթիվ կազմակերպված արարողության ժամանակ՝ Ռանան, որը միջոցառման գլխավոր հյուրն է եղել, ասել է, որ Հնդկաստանը և Իրանը «համապարփակ գործընկերություն» ունեն՝ հիմնված ամուր «փոխվստահության» վրա: Նա նաև ընդգծել է երկրների փոխգործակցության երկար պատմությունը և ընդհանուր մշակութային և կրոնական ավանդույթները, հայտնել է Հնդկաստանի ANI լրատվական գործակալությունը:
«Ես համոզված եմ, որ մեր բարեկամությունը կշարունակի զարգանալ և ավելի ամուր դառնալ եկող տարիներին»,- ասել է Ռանան։ Նա նաև նշել է, որ բացի մասնագիտական վերապատրաստման ռազմական դասընթացներից, Իրանի ռազմածովային մի շարք պատվիրակություններ նախկինում այցելել են Հնդկաստանի ռազմածովային ուսումնական հաստատություններ, և երկու երկրների միջև պաշտպանական ներգրավվածությունն աճել է:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Հնդկաստանում Իրանի դեսպան Իրաջ Էլահին՝ նշելով, որ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին եկող շաբաթ կայցելի Հնդկաստան՝ մասնակցելու ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) պաշտպանության նախարարների հանդիպմանը, որն էլ «ավելի կզարգացնի և կամրապնդի պաշտպանական հարաբերությունները երկու երկրների միջև»։










