Սևանում ծառայություն կիրականացնեն ջրային պարեկները․ նրանք կտուգանեն ոչ սթափ նավավարներին, կկանխեն որսագողությունն ու կապահովեն անվտանգությունը

12:56 • 27.04.23

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ կառավարության նիստում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարլեու մասին օրենքների նախագծերը ներկայացնելու ընթացքում հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյան։

Նրա խոսքով՝ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։

«Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ, ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։ Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրծված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ», - նշեց Վահե Ղազարյանը։

Ըստ ՆԳ նախարարի՝ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, այդ թվում՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում, նավավարների սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարող ոչ սթափ անձանց մեկուսացում, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգում, լողամիջոցի զննում, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործման արգելում և դրա տեղափոխում կամ այլ անձին հանձնում։ Կանոնների խախտման դեպքում սահմանվելու է վարչական պատասխանատվություն։

Նա նաև հավելեց, որ պրակտիկայի բացակայության հետևանքով ծառայությունում բարելավումներն աստիճանաբար են կատարվելու և նոր մոտեցումներ են ձևավորվելու։ Առայժմ սահմանվելու է 95 հաստիք։ Ստորաբաժանումը ունենալու է 4 հենակետ՝ ստատիկ և մոդուլային շենքային պայմաններով։

Անդրադառնալով պարեկային ծառայության նոր ստորաբաժանման գործառույթներին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այն հնարավորություն կտա պայքարել նաև որսագողության դեմ։

«Ջրային պարեկային ոստիկանության ներդրման պահից Սևանա լճում ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին», - նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ջրային պարեկներին ծառայության համար անհրաժեշտ տեխնիկայով ապահովելուն, ապա ըստ վարչապետի այս հարցով առայժմ խորհրդակցություններ են ընթանում, այդ թվում նաև միջազգային գործընկերների հետ։ Նախատեսվում է ջրային պարեկներին ապահովել մոտորանավակներով, սակայն մինչ դրանց ձեռբերումը պարեկները ծառայությունը կիրականացնեն սկուտերներով, որոնք ձեռք կբերվեն ՆԳ նախարարության կողմից։