Թաքեր Կառլսոնը թվարկել է ամերիկյան լրատվամիջոցներում արգելված թեմաները
Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնը հեռուստաալիքից հեռանալուց հետո Twitter-ում հրապարակել է իր առաջին տեսաուղերձը։
Նախկին հեռուստահաղորդավարի խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցներում արգելված է քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ քաղաքացիական ազատությունները, ժողովրդագրական փոփոխությունները, կորպորատիվ իշխանությունը և բնական ռեսուրսները։
Նաև, Կառլսոնի խոսքով, ԱՄՆ-ի տեղեկատվական դաշտում քննարկումները դարձել են «անիմաստ», իսկ կարևոր բաների շուրջ բանավեճերն արգելված են։
Այնուամենայնիվ, Կառլսոնը խոստացել է, որ ճշմարտությունը շուտով կհաղթի։
Պահպանողական քաղաքական մեկնաբան և հաղորդավար Թաքեր Կառլսոնը, որը Թրամփի կողմնակիցն է և Բայդենի քննադատը, ապրիլի 24-ին հեռացել է Fox News-ից:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նախապես չի իմացել պայմանագրի խզման մասին և պատրաստվում էր կրկին եթեր դուրս գալ ապրիլի 24-ին։ Կառլսոնի հեռանալու մասին լուրերի ֆոնին ընկերության արժեթղթերի գներն իջել են 5,4%-ով։










