Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պահանջում է, որովհետև ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը
«Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո արդեն 2 շաբաթն անցավ, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չընտրեց նոր քաղաքապետ։ Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ»,-գրել է Թանդիլյանը։
Նրա կարծիքով, քաղաքային իշխանությունը փորձ է անում չկատարել օրենքի պահանջը՝ շրջանցելով օրենսդրությունը, քանի որ իշխող ուժին ձեռնտու չէ արտահերթ ընտրությունները․
«Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։
Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։
Ծանոթություն
16.08.2018 թվականի N 899-Ն որոշմամբ՝ Կառավարությունը կրճատել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը՝ հիմք ընդունելով 09.07.2018 թվականին Երևանի քաղաքապետի՝ հրաժարական տալու և 16.07.2018 թվականին Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակվելուց հետո 2-շաբաթյա ժամկետում՝ 30.07.2018 թվականի դրությամբ, Երևանի քաղաքապետ չընտրվելու հանգամանքը, Կառավարության որպիսի որոշումն էլ, ընդ որում, ընդունվել է գործող կառավարության օրոք՝ 17 օր անց», - գրել է նա։










