Ռուսաստանը գիշերը հրթիռակոծել է ուկրաինական քաղաքները. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութեր)
Անցած գիշեր ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ուման քաղաքում հրթիռակոծվել են բնակելի շենքեր ու պահեստներ։ Վերջին տվյալներով՝ ռուսական հրթիռի կամ խոցված հրթիռի բեկորների՝ բազմահարկ շենքին հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ավելի քան 10 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, գրում է golosameriki.com-ը:
«Ումանի վրա հրթիռային հարձակման հետևանքով մոտ 10 բազմաբնակարան շենք է վնասվել։ Դրանցից մեկում ամբողջովին քանդվել է մուտքը։ Մարդիկ մնում են փլատակների տակ: Ցավոք, կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխա»,- ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։
Ումանը գտնվում է Ուկրաինայի կենտրոնում՝ առաջնագծից հեռու։
Մինչդեռ Դնեպրում ռուսական բանակի գիշերային հրթիռակոծության հետևանքով ավերվել է առանձնատուն: Զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ երկու տարեկան աղջիկ։ Երեք մարդ վիրավորվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Բացի այդ, Դնեպրում ավերվել է մասնավոր ձեռնարկության շենքը, իսկ շինարարական բազան դեռ այրվում է։ Ըստ Լիսակի՝ զինվորականները ռուսական յոթ թևավոր հրթիռ են խոցել։
Կիևի մարզում խոցվել է 11 հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք, գրել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կիևի Օբոլոնսկի շրջանում բեկորների անկման հետևանքով խզվել է տեղական էլեկտրահաղորդման գիծը և վնասվել ճանապարհը։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ այդ գիշեր հրթիռային հարվածի հետ մղման ժամանակ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է ռուսական 23 թևավոր հրթիռներից 21-ը, ինչպես նաև երկու անօդաչու թռչող սարք։ Հարվածը հասցվել է Կասպից ծովի Տու-95 ռմբակոծիչներից։
Հինգշաբթի գիշերը ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Նիկոլաևի ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում երեխա կա. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածն անվանել է հանցագործություն մարդկության դեմ։
Ռուսաստանը չի մեկնաբանում հրթիռային հարվածների մասին տեղեկատվությունը և սովորաբար պնդում է, որ մասնակից չէ խաղաղ բնակիչների մահվանը։










