Մայիսի սկզբին նախատեսվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում․ Չավուշօղլու

21:32 • 28.04.23

Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում նախատեսված է մայիսի առաջին տասնօրյակում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրել է РИА Новости-ն։

«Ռուսական կողմից առաջարկ կա մայիսի առաջին տասնօրյակի համար, ծրագրվում է հենց այդ ժամանակահատվածում»,- ասել է Չավուշօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում։

Դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել էր Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, սկսեց աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են բարդ։ Սակայն վերջին շրջանում երկու կողմերը խոսում են աստիճանական կարգավորման հնարավորության մասին։

Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայնեցվում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների քառակողմ հանդիպման ամսաթիվը, վայրը և պարամետրերը՝ նվիրված Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ .

Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։