Սահմանամերձ գյուղում տուն կառուցելու համար բանկը 16 մլն դրամ վարկ է տալիս, որի և՛ տոկոսը, և՛ մայր գումարը փակում է ՀՀ կառավարությունը․ տեղյա՞կ են մարդիկ․ Փաշինյանը՝ Դովեղի բնակիչներին (տեսանյութ)
Տավուշի մարզ իր այցելության շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ գյուղ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով նաև տեսանյութ։
«Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց, շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են և կավարտվեն հաջորդ տարի:
Դպրոցը նախատեսված է 140 աշակերտի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն դրամ», - գրել է նա։
Մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքներին ծանոթանալու ընթացքում Փաշինյանը հայտնեց, որ Եղեգնաձորում ու Բերդում իրենք արձանագրել են՝ կա նաև մարզահամալիրների կարիք։ Նրա խոսքով՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լավ գաղափար է տվել՝ առաջարկելով ունենալ մարզահամալիրների տիպային նախագծեր, որոնց շնորհիվ որոշ քաղաքներում կկառուցվեն լողավազաններով, ֆիթնես-կենտրոններով ու անհրաժեշտ բոլոր այլ պարագաներով հագեցած համալիրներ, որոնք նախատեսված կլինեն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Անդրադառնալով մոդուլային դպրոցի նախագծին՝ վարչապետը նախ ճշտեց, որ այն նախատեսված է լինելու 144 աշխակերտի համար, ապա, պատասխանելով դիտարկմանը, որ այժմ քննարկվում է նաև տրանսպորտի ապահովման հարցը, ինչը թույլ կտա Նոյեմբերյան համայնքի այլ հատվածների երեխաներին հաճախել Դովեղի դպրոց, ընդգծեց, որ նախ պետք է քննարկել, որ Դովեղում շատ երեխաներ լինեն։
«Նոյեմբերյանում էլ Նոյեմբերյանի համար կկառուցենք», - ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար ՀՀ կառավարութունը երիտասարդ ընտանիքներին տրամադրում է 16 մլն դրամ։
«Այսինքն բանկը 16 մլն դրամ վարկ է տալիս, որի և՛ տոկոսը, և՛ մայր գումարը փակում է կառավարությունը։ Այդ ծրագրի մասին տեղյա՞կ են ընդհանրապես մարդիկ։ Եթե ուզում է մարդն ինքն իր կողմից 16 մլն դրամից ավել գումար դնի, իր խնդիրն է, բայց 16 մլն դրամ ենք տալիս և այս դպրոցն էլ կառուցում ենք, որ տունը կառուցեն ու չմտածեն՝ բա մեր երեխաները որտե՞ղ են դպրոց գնալու։ Եվ երկրորդն էլ այնպես ենք անում, որ այս դպրոցում կրթության մակարդակը լինի այնպիսին, ինչպիսի Երևան քաղաքի կենտրոնի դպրոցինն է», - նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։










