«Անընդունելի է Սուդանի ճգնաժամին արտաքին միջամտությունը»․ Ճապոնիան ու Եգիպտոսը կհամագործակցեն աֆրիկական երկրում քաղաքացիական կառավարման անցումային գործընթացի վերսկսման ուղղությամբ

19:58 • 30.04.23

Եգիպտոսի համար անընդունելի է արտաքին միջամտությունը Սուդանի ճգնաժամին։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Կահիրեում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրել է РИА Новости-ին։

Շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Կիշիդան սկսել է միջազգային շրջագայություն, որի ընթացքում Եգիպտոսից բացի կայցելի նաև Գանա, Քենիա, Մոզամբիկ ու Սինգապուր։

Ալ-Սիսին ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Կիշիդայի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքները զարգացող երկրների համար, COVID-19 համաճարակի հետևանքով էներգակիրների գների բարձրացումն ու Սուդանի վերջին զարգացումները։ «Ես վերահաստատեցի Եգիպտոսի վարչապետի տեսլականը, որը հիմնված է Սուդանում հրադադարի անհապաղ, մշտական ու համապարփակ անհրաժեշտության ու ճգնաժամին որևէ արտաքին կողմի միջամտությունից զերծ մնալու կարևորության վրա»,- ասել է ալ-Սիսին՝ հավելելով, որ Սուդանում կատարվողը երկրի ներքին գործն է։

Kyodonews-ը գրել է, որ երկու ղեկավարները հաստատել են համագործակցությունը Սուդանում քաղաքացիական կառավարման անցումային գործընթացի վերսկսման ուղղությամբ, որը հաջորդել է 2021 թվականի ապստամբությանը:

Կիշիդան ալ-Սիսիին ասել է, որ Ճապոնիան՝ որպես G-7-ի այս տարվա նախագահող երկիր, կձգտի նպաստել իրավիճակը վերահսկողության տակ առնելու գործում ու պատրաստ է շտապ մարդասիրական օգնություն տրամադրել փախստականներին և տեղահանվածներին:

Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 528-ի, գրեթե 4600-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Սուդանում կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Սուդանի հարցով կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆոլկեր Պերտեսն ասել է, որ Սուդանում հակամարտող կողմերից որևէ մեկի բանակցությունների պատրաստակամության միանշանակ նշաններ դեռ չկան։ Շաբաթ օրը Սուդանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աղբյուրը РИА Новости-ին հայտնել է, որ հակամարտող կողմերը ներկայացուցիչներ են նշանակել բանակցություններ վարելու համար, որոնք հավանաբար կանցկացվեն Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։