Ավտոբուսի վարորդն իրեն ագրեսիվ է պահել, ծխել է և ծխախոտի մնացորդը դուրս նետել, հորդորել մանրադրամը տալ իրեն. նա հեռացվել է աշխատանքից
Նախորդ շաբաթ ֆեյսբուքում գրառում էր տեղադրվել, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ որում ավտոբուսի վարորդը ծխում էր և ագրեսիվ վարք դրսևորում։
«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդն ագրեսիվ է իրեն պահել վարելու ընթացքում՝ ծխելով, ծխախոտի մնացորդը դուրս նետելով և նաև ուղևորներին պարբերաբար հորդորելով, որպեսզի մանրադրամը փոխանցեն իրեն»,-ասաց նա՝ դիմելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանին և խնդրելով ներկայացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս միջադեպից հետո։
Մանուկյանը հայտնեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, որոնց հիշողության քարտերի ուսումնասիրությամբ հաստատվել է վարորդի ոչ հարիր պահվածքը։
«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին ասել է՝ մանրադրամը տվեք ինձ, թույլ չի տվել գցել արկղի մեջ, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ ամենը մեզ մոտ ֆիքսված է։ Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորել ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են սափրված, ավտվուսները լինելու են մաքուր»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե կլինեն վարորդներ, որոնք կշարունակեն ծխել, ապա նրանք կհեռացվեն աշխատանքից:
Նա նաև քաղաքացիներին հորդորեց ավտոբուս բարձրանալիս ունենալ 100-դրամանոց մանրադրամ և գցել արկղի մեջ, այլ չտալ վարորդին։
Քաղաքապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ նախկինում ևս եղել են բողոքներ, սակայն տվյալ դեպքում «Երևանի ավտոբուս»-ը խնդիրն արագ է արձագանքել։ Նա նաև հորդորեց ավտոբուսների տեսախցիկները միշտ սարքին վիճակում պահել և նմանօրինակ դեպքերում արագ արձագանքել։










