Եվրոպայում ավելի քան 130 մարդ է ձերբակալվել իտալական մաֆիայի հետ կապի կասկածանքով

15:38 • 03.05.23

Չորեքշաբթի մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են ամբողջ Եվրոպայում՝ իտալական տխրահռչակ «Նդրանգետա» մաֆիոզ կազմակերպության անդամների դեմ լայնածավալ հետաքննության ընթացքում:

Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Բելգիայում, հայտնում է politico.eu-ն:

Իտալիայում ձերբակալվել է 108 մարդ, որոնք կասկածվում են մաֆիոզ կազմակերպությանն անդամակցելու համար: Նրանք ձերբակալվել են Կալաբրիայի շրջանային ոստիկանության կողմից մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ զենքի և միջազգային թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հաղորդում է իտալական ANSA լրատվական հեռուստաալիքը:

Գերմանիայում ոստիկանները հինգ տարբեր շրջաններում իրականացրել են ավելի քան 30 ձերբակալություն՝ ներխուժելով տասնյակ տներ, բնակարաններ և գրասենյակներ, ասվում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ոստիկանության հայտարարության մեջ։

Բելգիայում գրոհել են մոտ 20 տուն, ասվում է դաշնային դատախազության հայտարարության մեջ՝ հավելելով, որ գործողության թիրախ է դարձել «իտալական մաֆիայի ավելի քան հարյուր ենթադրյալ անդամ»:

Գործողությունը հաջորդել է Եվրոպոլի և ԵՄ դատական համագործակցության գործակալության՝ Eurojust-ի համատեղ հետաքննությանը, որին մասնակցել են վեց երկրների անվտանգության ուժերի հարյուրավոր սպաներ:

«Նդրանգետա»-ն Իտալիայի ամենահզոր մաֆիոզ խմբավորումներից մեկն է և Ինտերպոլի կողմից գրանցված է որպես աշխարհի խոշորագույն հանցավոր կազմակերպություններից մեկը: