Չեխիայի վարչապետը խոսել է Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին

16:17 • 04.05.23

Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք պետք է ավելի խորացնել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Չեխիայի կառավարության ղեկավարը ներկայացրեց, թե Հայաստանի ինչ համատեղ ծրագրեր են նախատեսվում իրականացնել։

«Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք ուզում ենք էլ ավելի խորացնել։ Տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի ոլորտներում։ Օրինակ՝ էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար։

Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներում։ Մեր փորձագետները ընթացիկ նորոգումներին մասնակցում են, և դա հաջողված համագործակցության օրինակ է։

Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ՝ խելացի քաղաքների բնագավառում։ Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էինք Արևելյան գործընկերության պետությունների համար։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ավիացիայի բնագավառում շարունակվում է խորանալ։ Կա ծրագիր նաև, որի շրջանակներում հնարավոր է արտադրվեն փոքր օդանավեր Հայաստանի Ստեփանավան քաղաքում․ այնտեղ օդանավակայան է կառուցվել երկրաշարժից հետո։

Նաև չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու Պրահայում, որը տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով է զբաղվում։ Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն»,- եզրափակեց Ֆիալան։