Մարդկանց տվել են երեք ձեռք, ասել են՝ ձեր որդին է, տարեք, հուղարկավորեք. Թագուհի Թովմասյան
Գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ մարդկանց տվել են 3 ձեռք, ասել են՝ ձեր որդին է , տարեք հուղարկավորեք։
Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո։
«Մարդիկ հրաժարվում են հուղարկավորել 3 ձեռքը։ Մեկ այլ դեպքում 1,82 մ հասակով բարձրահասակ տղա ունի, բայց իրեն տվել են 1,60 մ հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ ու ասում են, որ պետք է հարմարվեք այդ վիճակի հետ, ձեր տղան է։
Նույնականացման բաժնում բաներ են տեղի ունենում, որ սյուրռեալիզմ է, ողբերգություն։ Ծնողներ կան, որ վստահ են, ահռելի հետաքննական աշխատանք են արել, քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի, զոհվելու հանգամանքների կամ գերի ընկնելու մասին։ Նրանք առնվազն չհաստատված գերիների ցանկում պետք է լինեն, բայց որևէ կերպ չեն հաստատվում։ Վրդովված են, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են 33 գերու մասին, երբ իրականում շատ ավելի են գերիները»,-ասաց Թովմասյանը։










