Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած ռումբ հայտնաբերվել․ այն Շոշում էր հայտնվել 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում

14:43 • 06.05.23

Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Այսօր՝ մայիսի 6-ին ժամը 12:38-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։

Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։

Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:

Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել», - ասված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։