Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին»․ Բագրատ Սրբազան

15:37 • 06.05.23

Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն այն բարքերին, որոնք գոյություն ունեն մեր կյանքում։ Այո, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին», սա պետք է լինի մեր նշանաբանը։

Ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով, մեր խոցված իրականությունը խոսում է  նաև մեր հոգևոր արժեքային ճգնաժամի մասին, այսինքն այնտեղ է պատճառը՝ մեր մեղքը չընդունելու, ինքնաարդարացման անընդհատ հեղեղը լցնելով մեր կյանքը․

«Բոլորի մասին է խոսքը, բնականաբար, առաջին հերթին նրանց, ովքեր պատասխանատու են մեր կյանքի՝ լինի քաղաքական, վարչական իմաստով, բոլոր առումներով։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում  այս կամ այն պատճառով մեղքի ծանրության տակ է գտնվում անկախ նրանից՝ որքան կզգա դա։

Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր։ Ասում է Տեր Աստված՝ քո երկիրը լքված ու ավերակ կլինի, եթե դու չկարողանաս հրաժարվել առաջին հերթին ինքնաարդարացումից, գործածի համար պատասխան տալու քաջություն ունենաս»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա նշեց, որ քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ պետք է բարոյական հասարակություն ունենալ.

«Մեր ամբողջ խնդիրները բխում են դրանից, երբ քեզ ներկայացնողը կամ կառավարիչը ոչ ամոթ, ոչ էլ վախ ունի, ոչ էլ բարոյականություն»։