Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների․ Արմեն Գրիգորյան

12:18 • 09.05.23

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ այդ հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ հենց այդպես էլ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա։

Անդրադառնալով Երևանի Օղակաձև զբոսայգուում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի վերաբերյալ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանն ու այն ապամոնտաժելու կոչին՝ Գրիգորյանը նշեց, որ դա Հայաստանի ներքին գործն է, և որևէ մեկն իրավունք չունի խառնվել դրան։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հուշարձանը կապամոնտաժվի, ԱԽ քարտուղարը շեշտեց, որ այդ հարցը գտնվում է ՏԻՄ դաշտում։