Սարդարապատից Բեռլին և Շուշի ձգվող հաղթանակների շղթան շարունակվելու է. Մեծ Հայրենականի մասնակցի դուստրը՝ մոր պատգամների մասին

22:56 • 09.05.23

Արմիկ Արամյանը 23 տարեկան էր, նոր էր ավարտել մանկավարժական ինստիտուտը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմն ու բոթը հասավ Ստեփանակերտ:  

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմիկ Արամյանի դուստր Նաիրա Թամրազյանը պատմել է, որ արցախցի մի խումբ աղջիկների հետ նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։

«Ծնողները դեմ էին. քնքուշ էր ու նուրբ, ռազմաճակատն իր համար չէր։ Բայցևայնպես, գնաց: Կռվել է առաջին և երկրորդ ուկրաինական ճակատներում՝ մասնակցելով Ուկրաինայի, Բելառուսիայի, Գերմանիայի ազատագրմանը ֆաշիզմից: Լեհաստանում ծանր վիրավորում է ստացել: Կարծում էին կմահանա, բայց բուժվեց ու շարք վերադարձավ»,- ասել է Նաիրա Թամրազյանը՝ հավելելով, որ նա հաղթանակով մտել է Բեռլին և շատերի նման իր անունը ևս գրել Ռայխստագի պատին` «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»:

«Մարտական դաժան տարիների մասին նա պատմել է իր որդիներին ու թոռներին։ Պատահական չէ, որ նրա նրանք ակտիվ մասնակցությունն են բերել Արցախյան գոյապայքարին։ Հատկանշելի է իր թոռներից՝ Արայիկ Գրիգորյանը, ով կռվել և զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ»,- վերհիշում է Մեծ Հայրենականի վետերանի դուստրը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արմիկ Արամյանը հայտնի բարերար Միքայել Արամյանցի եղբոր թոռնուհին է, իսկ Սարդարապատի հերոսամարտի զորավարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները նրա մոր զարմիկներն են:

Դստեր համար մորից մնացած միակ մասունքը իր արյունոտված կոմերիտական տոմսն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։



«Սարդարապատից Բեռլին, Բեռլինից Շուշի ձգվող բարձր արժեքների շղթան դեռ շարունակվելու է: Մայրս մերօրյա իրավիճակում կասեր՝ շարունակեք հավատալ, պայքարել, հավերժ է լինելու Նաիրյան դալար բարդու խշշոցը»,- եզրափակել է Ն. Թամրազյանը։