Բրյուսելից հետո Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Քիշնևում, նրանց կմիանան Մակրոնն ու Շոլցը. Արմեն Գրիգորյան
Մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որն այնուհետև շարունակվելու է Քիշնևում։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Միանալու են նաև (Ֆրանսիայի - խմբ․) նախագահ Մակրոնը և (Գերմանիայի կանցլեր - խմբ․) Շոլցը։ Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք», - հավելեց նա։
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումներին ու խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը՝ Գրիգորյանը շեշտեց․
«Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք․ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն իրավունքների ու անվտանգության հարցը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը, դա այս պահին որևէ ձև որոշված չէ։ Որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կքննարկենք»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվայում սպասվող հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը վաշինգտոնյան բանակցությունների շարունակությունն է լինելու՝ ԱԽ քարտուղարը շեշտեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բոլոր բանակցություններն էլ միմյանց շարունակությունն են, քանի որ քննարկվող հարցերն ու հարցերի շրջանակները հայտնի են։










