«Նեմեսիս» հուշարձանի շուրջ Թուրքիայի արձագանքը նաև ընտրական էմոցիոնալ գործընթացներով է պայմանավորված․ ԱԳ փոխնախարար
Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին կատարվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տևեցին և դա աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը առաջ տանել խաղաղության գիծը: Այդ առումով հանդիպումը կարելի է դրական դիտարկել։ Մյուս կողմից ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, միանգամից բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այսուհետ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձևաչափով, տեսնում եք, թե ինչ դինամիկայով են գնում բանակցային գործընթացները»,- ասաց նա:
Այն հարցին, թե կա՞ն արդյոք հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը պատասխանեց.
«Հարցերը շատ են: Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:
Անդրադառնալով «Նեմեսիս» հուշակոթողի շուրջ թուրքական վերնախավի արձագանքներին, ԱՀ փոխնախարարն ասաց․
«Միգուցե արտգործնախարարության կողմից պաշտոնական արձագանք չի եղել Չավուշօղլուին, բայց այլ պաշտոնյաների կողմից հնչել են պաշտոնական գնահատականներ։ Ցավալի է, որ մինչև այսօր այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է, մյուս կողմից չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են տեղի ունենում Թուրքիայում ու շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսնակյունից, ներքաղաքական գործընթացներ են ու գիտենք՝ ինչքան էմոցիոնալ է անցնում այն»,- ասաց փոխարտգործնախարարը։










