Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել. քաղաքակրթությունն այժմ շրջադարձային փուլում է. Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում

12:26 • 09.05.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ Կարմիր հրապարակում հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է, որ պատերազմի մասնակիցներն անչափելի խիզախության և հսկայական զոհաբերությունների գնով փրկել են մարդկությանը նացիզմից:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել»: ՌԴ նախագահի խոսքով՝ քաղաքակրթությունն այժմ շրջադարձային փուլում է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեր հայրենիքի դեմ հերթական անգամ իսկական պատերազմ է սանձազերծվել, բայց մենք հետ ենք մղել միջազգային ահաբեկչությունը, պաշտպանելու ենք Դոնբասի բնակիչներին և ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ընդգծել է Պուտինը։

Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել խաղաղ, ազատ ու կայուն ապագա, իսկ Ռուսաստանի համար անբարյացակամ, թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Նա ընդգծել է, որ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր ու մահացու։ Բայց արևմտյան վերնախավերը խոսում են իրենց բացառիկության մասին, իրար դեմ են տրամադրում մարդկանց և հրահրում արյունալի հակամարտություններ, սերմանում են ատելություն, ռուսաֆոբիա և ագրեսիվ ազգայնականություն, ոչնչացնում են ավանդական ընտանեկան արժեքները, որոնք մարդուն դարձնում են մարդ:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի հակառակորդները դասեր չեն քաղել անցյալ դարի կեսերի իրադարձություններից։

«Արևմուտքի նպատակը, և այստեղ ոչ մի նոր բան չկա, հասնելն է մեր երկրի քանդմանն ու կործանմանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների մոռացմանը, վերջնականապես ջարդելու համաշխարհային անվտանգության և միջազգային իրավունքի համակարգը և խեղդամահ անելու զարգացման ցանկացած ինքնիշխան կենտրոն»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ հենց Արևմուտքի այս քաղաքականությունն է հանգեցրել Ուկրաինայի հակամարտությանը։

«Չափազանց հավակնությունները, ամբարտավանությունն ու ամենաթողությունը անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների, սա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այսօր պետականության և Ռուսաստանի ժողովրդի ապագան կախված է հայրենիքը պաշտպանող մարտիկներից, նրանց վրա է դրված երկրի անվտանգությունը։