Բայդենը չի բացառել, որ կբացակայի G7-ի գագաթնաժողովից պետական պարտքի հետ կապված իրավիճակի պատճառով

13:12 • 10.05.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել է, որ պետական պարտքի հետ կապված իրավիճակի պատճառով կարող է մնալ երկրում և չմասնակցել G7-ի գագաթնաժողովին, որը մայիսի 19-21-ն անցկացվելու է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բայդենը հայտարարել է հանրապետականների առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո:

Հարցին, թե կա արդյոք հավանականություն, որ G7-ի գագաթնաժողովին ուղևորությունը կհետաձգվի երկրի ներսում ֆինանսական խնդիրների պատճառով, Բայդենը հայտարարել է, որ ինքն առաջվա պես կողմնակից է Ճապոնիա մեկնելուն, սակայն պետական պարտքի և հնարավոր դեֆոլտի խնդիրը «ամենակարևորն է օրակարգում»։

Դրա հետ մեկտեղ, Բայդենի խոսքով՝ իր բացակայությունը G7-ի գագաթնաժողովին «հնարավոր է, բայց քիչ հավանական»։