ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել ռուսական ինքնաթիռները երկիր չթողնել

16:55 • 11.05.23

Եվրամիությունը Վրաստանին կոչ է անում ռուսական ինքնաթիռներին թույլ չտալ մուտք գործել երկիր։ Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Իհարկե, մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ հանելու Վրաստանի հետ թռիչքների արգելքը։ Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի հետ կապված՝ ԵՄ-ն և մի շարք միջազգային գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիացիոն հատվածի դեմ։ Եվ մենք թույլ չենք տալիս թռիչքներ իրականացնել Ռուսաստանից, դեպի և Ռուսաստանի տարածքով»,- ասել է Ստանոն։

ԵՄ-ն, նշել է նա, կոչ է անում Վրաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում, ինչպես նաև զգույշ լինել դրանք շրջանցելու հարցում։ Բացի այդ, Ստանոն հորդորել է երկիր չթողնել «ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ»։

Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը հրամանագրեր է ստորագրել, որոնք կհեշտացնեն Ռուսաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային ուղևորությունները։ Երկրի ղեկավարը չեղարկել է երկրների միջև ուղիղ չվերթների արգելքը, ինչպես նաև մայիսի 15-ից չեղարկել այցագրերը Վրաստանի քաղաքացիների համար։