Շտապ օգնության աշխատակիցները Երևանի Արցախի պողոտայում կիսամերկ վիճակում նորածին են գտել, քրեական վարույթ է նախաձեռնվել

18:34 • 11.05.23

Շտապ օգնության աշխատակիցները Երևան քաղաքի Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին երեխա են գտել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Դեպքի մասին ժամը 15։55–ին ենք հաղորդում ենք ստացել»,- նշեցին ոստիկանությունից։

Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, բժիշկների հսկողության տակ է։ Գաբրիելյանը հավելեց, որ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Քննություն է իրականացվում՝ պարզելու երեխայի ծնվելու, այդ թվում՝ արտահիվանդանոցային ծննդաբերություն լինելու, տվյալ տարածքում երեխայի հայտնվելու հանգամանքները, իրականացվում են միջքցառումներ նաև մոր՝ ծննդկանի, ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ։

Shamshyan.com-ը գրել է, որ երեխան բերվել է Արցախի փողոցի 8/4 շենքի հետնամասում գտնվող՝ ժողովրդին հայտնի մուրացկանների կացարանից:

Երեխան հիվանդանոց է բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: Երեխան աղջիկ է, ում կյանքի համար Մուրացան մանկական հիվանդանոցի բժիշկները պայքարում են:

Դեպքի մասին արդեն տեղյակ են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզել են, թե ով է երեխային հայտնաբերել այդ վիճակում, ում տվյալները այս պահին չենք հրապարակում, միայն նշենք, որ նա Երևանի բնակիչ, 88թ-ին ծնված կին է:

Պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են նաև, թե որտեղ է նորածինը հայտնաբերվել, ում պորտալարը դեռևս կտրված չի եղել: