Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է ամուսնալուծության մասին (լուսանկարներ)
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն այսօր հայտարարել է, որ 19 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է ամուսնուց՝ Մարկուս Ռայկոնենից։ 37-ամյա Մարինն ու Ռայկոնենն ունեն հինգ տարեկան դուստր՝ Էմմա Ամալյա Մարինը: Նրանք ամուսնացել են գրեթե երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած փակ արարողության ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Սակայն զույգը, որը միասին էր 18 տարեկանից, այսօր հայտարարել է, որ ամուսնալուծության հայց է ներկայացրել:
«Միասին մենք ամուսնալուծության հայց ենք ներկայացրել։ Մենք երախտապարտ ենք միասին անցկացրած 19 տարիների և մեր սիրելի դստեր համար»,- գրել է Մարինն Instagram-ում։
«Մենք շարունակում ենք մնալ լավագույն ընկերներ, միմյանց հետ մտերիմ և սիրող ծնողներ», - հավելել է վարչապետը։
Նշենք, որ Մարինը մի շարք սկանդալների մեջ է հայտնվել իր պաշտոնավարման ընթացքում երեկույթների պատճառով:












