Հայկական դիրքերի և վիրավորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի` բանակցային գործընթացում իր պայմանները թելադրելու փորձի մասին. Էդմոն Մարուքյան

10:52 • 11.05.23

Ադրբեջանը շարունակում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։

«Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:

Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի անխտրական գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- գրել է Մարուքյանը։

Ավելի վաղ նա իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ։

Նա նաև հայտնել էր, որ Ադրբեջանը թիրախավորել է անգամ վիրավորներին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան։