Պետերբուրգցի կինը պայմանական պատիժ է ստացել Պուտինի ծնողների գերեզմանի վրա գրություն թողնելու համար

18:19 • 11.05.23

Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած Իրինա Ցիբանևային դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման, հայտնում է քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությունը, գրել է РИА Новости-ն։

«Դատարանը Ցիբանևային դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ըստ քննիչների՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ցիբանևան Սերաֆիմովսկի գերեզմանատանը նախագահին վիրավորող գրություն է թողել։ Նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական ատելության դրդապատճառով գերեզմանոցների պղծման հոդվածով։

«Ցիբանևան մասամբ ընդունել է իր մեղքը՝ ասելով, որ իր գործողությունները քրեական պատասխանատվության չեն հանգեցրել»,- հավելել են մամուլի ծառայությունից։