Չինաստանի հատուկ ներկայացուցիչը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան
Եվրասիական հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է gazeta.ru-ն։
Լի Հուեյի այցն այս երկրներ ևս մեկ անգամ ցույց է տալիս Չինաստանի հանձնառությունը՝ նպաստելու խաղաղությանը և բանակցություններին՝ հակամարտությունը կարգավորելու համար, ասել է Վենբինը։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայում ձգձգվող և սրված զինված հակամարտության ֆոնին Պեկինը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի շուրջ միջազգային փոխհամաձայնության հասնելու, խաղաղ բանակցություններ սկսելու և հետագա սրման կանխման գործում։
Փետրվարի 24-ին Չինաստանը ներկայացրել է 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Փաստաթուղթը պարունակում է հրադադարի և ռազմական գործողությունների առաջարկներ՝ խուսափելով ուկրաինական ճգնաժամի սրումից, ինչպես նաև ռուսական և ուկրաինական կողմերի միջև երկխոսության շուտափույթ վերսկսման կոչեր։










