Պետդեպը մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած բանակցությունների շարունակություն:
«Մենք մեր հյուրընկալած երկխոսությունը համարում ենք կարևոր. դրական քայլեր, որոնցում մենք զգացինք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ կարևոր հարցերի շուրջ, տեսնելու մյուս կողմի տեսակետը։ Եվ մենք հավատում ենք, որ հարատև առաջընթացի ճանապարհը շարունակվում է: Մենք կարծում ենք, որ սա խաղաղ լուծում ունի: Ահա թե ինչու մենք՝ սկսած պետքարտուղարից, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Բայց ես չեմ պատրաստվում առաջ անցնել այս բանակցություններից», - ասել է Պատելը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մի քանի օր բանակցել են ԱՄՆ-ում: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է եռակողմ հանդիպումը:
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Շառլ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:
Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասել է, որ շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։
«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարել էր Փաշինյանը։










